ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Փորձում են ստեղծել այն թյուր կարծիքը, թե մենք մի բան չարժենք

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Փորձում են ստեղծել այն թյուր կարծիքը, թե մենք մի բան չարժենք
15.07.2013 | 16:51

Պարոն Զատուլինն իրավացի է` ներկայումս Հայաստանը Ռուսաստանի համար կարևորություն ունի հատկապես ռազմաքաղաքական տեսանկյունից: Հայաստանը Հարավային Կովկասի միակ պետությունն է, որտեղ ռուսական ներկայությունն այսչափ առարկայական է ու համընդգրկուն: Այլ խնդիր է, թե ինչու Ռուսաստանը կորցրեց իր երբեմնի դիրքերը Վրաստանում ու Ադրբեջանում. թերևս, պարոն Զատուլինը, ով ԽՍՀՄ փլուզումից ի վեր տարբեր պաշտոններում անմիջականորեն առնչվել է Հարավային Կովկասում ռուսական քաղաքականության մշակման ու իրականացման բազմաթիվ դրվագներին, կարող է տալ այս հարցի պատասխանը, սակայն վստահ չեմ, որ այդ պատասխանը բավարար չափով անկեղծ կլինի: Կարծում եմ, որ եթե Ռուսաստանի կառավարող շրջանակները կարողանան տալ իրենց երկրի վարած կովկասյան քաղաքականության ձախողման բացատրությունը, դա շատերին զերծ կպահի անիմաստ հոխորտանքներից ու քաղաքական աճպարարությունից` թե´ Ռուսաստանում, թե´ Հայաստանում: Ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը համընկնող են: Այսօրվա իրողություններում, տնտեսական առումով Ռուսաստանը մեզ համար ավելի կարևոր է, քան մենք նրա համար, և այդ հանգամանքը հաճախ են մեզ երեսով տալիս ու փորձում ստեղծել այն թյուր կարծիքը, թե մենք մի բան չարժենք: Ի դեպ, հենց այս քամահրական վերաբերմունքն է հաճախ մեծապես նպաստել ռուսական քաղաքականության տապալումներին: Առկա ռազմաքաղաքական իրողությունների պայմաններում Հայաստանի տնտեսական հետաքրքրությունների դիվերսիֆիկացումը ոչ մի վտանգ չի պարունակելու Ռւսաստանի տարածաշրջանային քաղաքական, ռազմական ու, անգամ, տնտեսական շահերի համար, մինչդեռ հայկական ազգային կենսական շահերի ակնհայտ ոտնահարման գնով Ադրբեջանի հետ նոր որակի ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու ռուսական չինովնիկական որոշ շրջանակների ձգտումը ոչ մի կերպ չի կարող տեղավորվել չարչրկվող ռուս-հայկական ռազմավարական գործընկերության տրամաբանության շրջանակներում: Պարոն Զատուլինը մեկն է այն մարդկանցից, ովքեր ասում են, որ ԼՂ հակամարտության կարգավորման ընդունելի տարբերակը «տարածքներ` կարգավիճակի դիմաց» բանաձևն է, որը հնարավոր է իրականացնել բացառապես հանուն ռուսական` իրականում թվացյալ, մտացածին շահերի: Բայց դա էլ մի կողմ թողնենք. ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս պահվածքը չի կարող վտանգել ռուսական շահերը, մինչդեռ ռուսական հիշատակված քաղաքական շրջանակների կողմից թելադրվող լուծումներն ու գնահատականները հայկական պետականության դեմ ուղղված անմիջական սպառնալիք են պարունակում: Մտահոգիչ է, որ ՀՀ-ում նախկին ռուս դեսպան Կովալենկոյի ակնարկը բարի ցանկությունների և դժոխք տանող ճանապարհի մասին լիարժեքորեն վերաբերում է Հարավային Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականությանը, որը, իմ կարծիքով, վերաիմաստավորման և լուրջ վերանայումների կարիքն ունի, սակայն դա կկարողանան անել նոր մոտեցումների ու գաղափարների հանդեպ բաց և հին սխալների ու մեղքերի դրոշմն իրենց վրա չկրող ռուս քաղաքական ու պետական գործիչները:

Դիտվել է՝ 1533

Մեկնաբանություններ